Այսօր՝ դեկտեմբերի 28-ին ժամը 07:40-ի սահմաններում Աթոյան-Ռոստովյան փողոցների խաչմերուկում «ՄԻթսուբիշի Պաջերո» մակնիշի 17 ԼՍ 417 համարանիշի ավտոմեքենան բախվել է բեռնատար «Գազել» մակնիշի 511 ՍՕ 64 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման արդյունքում բեռնատարը շուռ է եկել: Բարեբախտաբար զոհեր եւ վիրավորներ չկան:

Ականատեսները դեպքի վայրում հայտնեցին, որ «Միթսուբիշիի» վարորդը ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակից է, իսկ բեռնատար «Գազելը» պատկանում է «Կալաչ» ՍՊԸ-ին: Վթարի վայրում հավաքվել էին մեծ թվով զինվորականներ, որոնք նկատելով, որ իրենց նկարահանում են, լքեցին դեպքի վայրը:

Դեպքի վայրում «Միթսուբիշիի» վարորդը վթարից հետո մոտեցավ բեռնատարի վարորդին եւ փորձում էր համոզել. «Ախպեր, էս ինչ արեցի, տոռմուզները չպահեց: Արի մեքենաները շուտ հանենք այստեղից, ես ավտոդ կսարքեմ»: Սրան բեռնատարի վարորդը պատասխանեց, թե. «Ախպեր, օֆիսի ավտո է, զանգեմ, թող շեֆերը գան, թող իրենք որոշեն»:

«Երբ «Միթսուբիշիի» վարորդը նկատեց, որ դեպքի վայրում նկարահանման աշխատանքներ եմ կատարվում, սկսեց սպառնալիքներ տալ եւ հայհոյել ինձ: Սակայն ՊՆ մի քանի աշխատակիցներ նրան կարգի հրավիրեցին»,- նշեց Գագիկ Շամշյանը:

Դեպքի վայր էին ժամանել Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներն ու ՀՀ ՃՈ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչները, ովքեր տեղազննման աշխատանքներ կատարելուց հետո վարորդներին տեղափոխեցին բժշկական կենտրոն, որպեսզի ճշտվի, թե արդյո՞ք նրանք ավտոմեքենան վարելիս եղել են սթափ վիճակում:

«ՄԻթսուբիշին» վարել է 28-ամյա Արթուր Ռուբենի Զաքարյանը, իսկ բեռնատար «Գազելը»՝ 33-ամյա Արմեն Ալբերտի Պրազյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի