Էներգետիկ խնդիրների եւ ԱՊՀ երկրների հարցերով եվրոպացի փորձագետ Ալեքսանդր Ռառը, պատասխանելով հարցին, թե որքանո՞վ է իրական, որ Հայաստանը միանա «Նաբուկո» նախագծին, պատասխանել է. «Հայաստանը հիմա շատ դժվար իրավիճակում է: Չնայած նա Ռուսաստանի դաշնակիցն է ՀԱՊԿ շրջանակներում, բայց այդ երկրների միջեւ գտնվում է Վրաստանը, որը շատ բարդ հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ եւ դրանից տուժում են հայ-ռուսական հարաբերությունները: Այդ իրավիճակից օգտվեց Եվրամիությունը, դրա համար էլ հիմա ԵՄ-ն շատ լուրջ ճնշման է ենթարկում Թուրքիային, որպեսզի նա բացի Հայաստանի հետ սահմանը: Դրանով Հայաստանը դուրս է գալիս Եվրամիություն, եւ որպեսզի Հայաստանին աջակցեն սահմանների բացման հարցում, խոսում են նրա „Նաբուկո“-ին միանալու մասին»:

«Իսկ առանց ԼՂ խնդրի լուծման հնարավո՞ր է հայ-թուրքական սահմանների բացում, եւ արդյո՞ք Թուրքիան կզոհաբերի Ադրբեջանի հետ հարաբերությունները՝ հանուն սահմանների բացման» հարցին էլ արձագանքել է. «Ես գիտեմ այդ խնդիրը: Հիմա թուրքական ղեկավարության ներսում բավականին թեժ բանավեճ է ընթանում, թե ինչ անեն` բացե՞ն սահմանը, թե՞` ոչ: Թուրքիայում կան ուժեր, որոնք կարծում են, որ Անկարայի արտաքին քաղաքականությունը պետք է հետեւի երկրի ներքին շահերին: Թուրքիայի շահերի մեջ է մտնում տնտեսական կապեր ունենալ թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի հետ, ուստի այդ հարցը շատ բարդ է եւ դեռ լուծված չէ»: