Ազատ խոսքի նկատմամբ անմնացորդ վախը ստիպեց վարչախմբին գնալ նույնիսկ մեր պայմաններում անհավանական թվացող քայլերի: Այս մասին ասված է Հայ ազգային կոնգրեսի տարածած հայտարարության մեջ:
«Չնայած եվրոպական դատարանի որոշման` նախագահականից իջած հրահանգով, ի սկզբանե կանխորոշված մրցույթով այդպես էլ եթերազրկված մնաց «Ա1+»ը։ Դրանց հետո հեռարձակման արտոնագիր չտրվեց նաեւ ազատ խոսքի ամբիոն «ԳԱԼԱ» մարզային հեռուստաընկերությանը։
Եթերազրկվեց անգամ ԱԼՄ-ն, որը երբեմն-երբեմն իրեն թույլ էր տալիս դուրս գալ հեռուստաալիքների համար իշխանության գծած շրջանակներից։
Հատկանաշական է, որ հենց այս հեռուստաընկերություններն էին, որոնց համար նույն հաճախականության վրա մրցակից էր ապահովված։ Մի քանի տարի առաջ հեռուստաեթերի թվայնացման պատրվակով ազատ եթերի ապահովման հետաձգված խնդիրը իշխանությունը լուծեց այնպես, որ իր երկրի քաղաքացիներին կանխամտածված զրկեց հեռուստատեսությամբ այլընտրանքային խոսք լսելու հնարավորության վերջին փշրանքներից։
Հայ ազգային կոնգրեսի համար անհասկանալի է մնում մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության առաքելություն ու պարտավորություն ունեցող միջազգային այն կառույցների վարքագիծը, որոնք հորդորներից ու պահանջներից սկսած մինչեւ դատական վճիռների տեսքով տարիներ շարունակ բարձրացրել են այս խնդիրը, իսկ հիմա այս ամենին արձագանքում են քարանձավային լռությամբ»,- ասված է ՀԱԿ-ի հայտարարության մեջ:





























