Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ Հայաստանի մաքուր արտաքին պարտքը կազմում է 1.87 մլրդ ԱՄՆ դոլար:

ՀՀ համախառն արտաքին պարտքը 2009թ. մարտի վերջի դրությամբ կազմել է 3.57 մլրդ դոլար, որը 2008թ. դեկտեմբերի վերջի համեմատ ավելացել է 129.66 մլն-ով:

Համախառն արտաքին պարտքի 38.5 տոկոսը գոյացել է պետական կառավարման համակարգում, 15.7 տոկոսը՝ մասնավոր հատվածում, 11.7 տոկոսը՝ դրամավարկային կարգավորման մարմիններում, 26.7 տոկոսը՝ առեւտրային բանկերում, իսկ 7.4 տոկոսը՝ տնտեսության տարբեր հատվածների կազմակերպությունների կողմից ստացված օտարերկրյա ուղղակի ներդրումներն են միջֆիրմային վարկերի տեսքով:

Այսպիսով, մինչեւ լայնամասշտաբ վարկերի ստացումը Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է մոտ 1.8 մլրդ դոլար, որից 1.37 մլրդ դոլարը՝ կառավարության գծով, իսկ 418 մլն դոլարը՝ Կենտրոնական բանկի: 2009թ. մարտի վերջի դրությամբ ՀՀ համախառն արտաքին ակտիվները կազմել են 1.69 մլրդ եւ 2009թ. առաջին եռամսյակի ընթացքում նվազել 133.93 մլն-ով:

Արդյունքում՝ ՀՀ մաքուր արտաքին պարտքն ավելացել է 263.59 մլն-ով՝ կազմելով 1.87 մլրդ դոլար: