Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների առթիվ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ նախագահի նստավայրում ընդունելության է հրավիրել լրատվության միջոցների ներկայացուցիչներին:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով լրագրողներին գալիք տոների կապակցությամբ` Հանրապետության ղեկավարը, մասնավորապես, ասել է.

«Հարգելի լրագրողնե՛ր եւ լրատվամիջոցների ներկայացուցիչնե՛ր,

Շնորհավորում եմ ձեզ Նոր Տարվա եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ուրախ եմ այս ավանդական հանդիպման եւ Հայաստանի Հանրապետության Նախագահի նստավայրում ձեզ ընդունելու համար:

Ընդհանուր առմամբ, անցնող տարին բավականին արդյունավետ էր ձեր աշխատանքի տեսանկյունից: Տարին նաեւ առանձնացավ հիմնականում առողջ քաղաքական բանավեճով, եւ շատ հաճախ այդ բանավեճի ակտիվ մասնակիցները նաեւ մեր լրատվամիջոցներն էին: Շատ լրատվամիջոցներ կարողացան պատվով կատարել իրենց առաքելությունը եւ չդառնալ գործիք ինչ-ինչ հարցերի լուծման համար: Մաղթում եմ, որ գալիք տարում էլ մեր երկրի լրագրողներից մեծ համարձակություն չպահանջվի որեւէ հասարակայնորեն կարեւոր ասելիք բարձրաձայնելու համար: Դա ես դիտում եմ, ոչ միայն ձեր` իբրեւ պրոֆեսիոնալների, այլեւ մեր ողջ հասարակության հասունության չափանիշ:

Մեկ անգամ եւս պիտի շեշտեմ, որ մենք բացարձակապես տրամադրված չենք կոծկելու պետական համակարգում կամ հասարակության մեջ առկա թերությունները, եւ այդ հարցում շարունակում ենք ունենալ ձեր աջակցության կարիքը: Մեզ անհրաժեշտ է ձեր ազնիվ ու անաչառ աշխատանքը, որպեսզի Հայաստանի հասարակությունը, ողջ պետական համակարգը, ամենատարբեր կառույցներն ու գործիչները կարողանան լրատվության հայելու մեջ տեսնել իրենց իրական պատկերը: Շատ կարեւոր է, որ այդ հայելին ծուռ չլինի, իսկ ներկայացված պատկերն էլ` աղճատված: Վստահ եմ, որ ձեր առողջ դատողությունը, ձեր ինքնակազմակերպումը եւ ինքնակարգավորումը թույլ կտան լուծումներ գտնել նաեւ այդ ոչ հեշտ խնդրի համար:

Մենք պետք է շարունակենք մնալ քաղաքական հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի եւ տարբեր` անգամ իրարամերժ ուժերի երկխոսության եւ, ինչո՞ւ չէ, համագործակցության ջատագովը: Կեղծիքը, սադրանքը, վիրավորանքը եւ պիտակավորումը խոչընդոտում են երկխոսությանը, խափանում դրա հնարավորությունն իսկ: Այդ պատճառով կրկին հորդորում եմ ձեզ մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել անաչառ եւ համակողմանի: Ներկա Հայաստանի իրականության ամբողջական ու առարկայական պատկերը նաեւ մեր երկրի ժամանակագրությունն է: Այս առումով ձեր օբյեկտիվությունն ու օպերատիվությունը թանկ են ոչ միայն ներկայի, այլեւ ապագայի տեսանկյունից:

Հարգելի՛ լրագրողներ,

Ի դեմս ձեզ` շնորհավորում եմ Հայաստանի լրագրողներին ու մեր լրատվամիջոցների բոլոր աշխատակիցներին, միաժամանակ շնորհակալություն հայտնում կատարած աշխատանքի համար:

Համոզված եմ, որ 2011 թվականը լինելու է համագործակցության, վերընթաց զարգացման եւ առաջընթացի տարի: Թող նոր տարին հաջողություն բերի ձեր գործերին եւ ձեռնարկումներին, խաղաղություն ու երջանկություն` ձեր ընտանիքներին:

Շնորհավո՛ր Նոր Տարի եւ Սուրբ Ծնունդ»: