Սարի թաղում 2016թ. հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ մեղադրվող Անդրիաս Ղուկասյանի գործով բացի դատակոչված ոստիկաններից, որպես վկա կհարցաքննվեն քաղաքացիներ Անաստաս Ղլեչյանը, Տիգրան Մկրտչյանը, Ռոբերտ Անանյանը եւ Իշխան Վարդանյանը: Այս գործով մեղադրող-դատախազ Պետրոս Պետրոսյանը Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների նստավայրում միջնորդությամբ հանդես եկավ քաղաքացիներ Անաստաս Ղլեչյանին եւ Տիգրան Մկրտչյանին դատակոչելու մասին: Անդրիաս Ղուկասյանի շահերի պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ միջնորդեց դատակոչել 2016թ. Սարի թաղում տեղի ունեցած գործողությունների ժամանակ տուժած լրագրող Ռոբերտ Անանյանին, նիստը նախագահող դատավոր Վարդան Գրիգորյանն էլ ավելացրեց՝ «Էդ դեպքում մի վկա էլ իմ կողմից՝ Իշխան Վարդանյանին եւս դատակոչենք»:
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում:
Ըստ մեղադրանքի՝ Անդրիաս Ղուկասյանը 2016 թվականի հուլիսի 29-ին Երեւանում զանգվածային անկարգություններ է կազմակերպել, ինչպես նաեւ փորձել է միանալ 2016 թվականի հուլիսի 17-ին Երեւանի Խորենացի փողոցի 158 հասցեում տեղակայված՝ Հայաստանի ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակային ծառայության գնդի տարածքում գտնվող շենքերը, շինությունները եւ տրանսպորտային միջոցները զավթած, ոստիկաններ եւ բուժաշխատակիցներ պատանդ վերցրած կազմակերպված, զինված խմբին, զինվել, ապօրինի կերպով հրազեն ու ռազմամթերք կրել, պահել եւ խմբի անդամների հետ համակատարմամբ շարունակել պահել զավթածն ու պատանդներին, սակայն հանցագործություններն ավարտին չի հասցրել իր կամքից անկախ հանգամանքներով: Անդրիաս Ղուկասյանը կալանքի տակ է:




























