ՔԿՀ-ն միջնորդություն է ներկայացրել կաշառք վերցնելու գործով կալանավորված նախկին դատավոր Իշխան Բարսեղյանին բուժօգնություն ցույց տալու համար հիվանդանոց տեղափոխելու մասին: Նշենք, որ Իշխան Բարսեղյանը գլխուղեղի կաթված է տարել: NEWS.am-ի հետ զրույցում Իշխան Բարսեղյանի շահերի պաշտպան Վարդուհի Էլբակյանը նշեց, որ ըստ ՔԿՀ ներկայացրած փաստաթղթերի՝ Իշխան Բարսեղյանը մասնագիտացված հիմնարկում բուժման կարիք ունի, թե երբ նրան ՔԿՀ-ից կտեղափոխեն, շահերի պաշտպանը նշեց, որ դեռ պարզ չէ՝ հավելելով, որ արյան բարձր ճնշման դեպքում Իշխան Բարսեղյանի կյանքին վտանգ է սպառնում:
Հիշեցնենք, որ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նախկին դատավորը գլխուղեղի կաթված է տարել, որը յուրաքանչյուր պահի հնարավոր է՝ կրկնվի: Անցած շաբաթ դատական նիստին նրա ինքնազգացողությունը կրկին վատացել էր, նիստը հետաձգվել էր:
Իշխան Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետով՝ կաշառք ստանալը: Կաշառքի միջնորդություն կատարելու համար փաստաբան Էլզա Զաքարյանին էլ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով՝ Կաշառքի միջնորդությունը: Իշխան Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:Նշենք, որ ըստ ԱԱԾ տարածած հաղորդագրության՝ քաղաքացիական գործով կողմի օգտին որոշում կայացնելու համար դատավորը պահանջել եւ Երեւանի հետիոտնային գետնանցումներից մեկում անձամբ ստացել է 1000 ԱՄՆ դոլար գումար, որի փոխանցումն իրականացվել է Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների օպերատիվ վերահսկողության ներքո:
Կաշառք տալու պահը տեսագրվել է եւ տարածվել:




























