ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու առերեւույթ հանցագործությունների վերաբերյալ մի շարք քաղաքացիներից ստացված հաղորդումների հիման վրա:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քաղաքացի` Մ. Մ.-ն, 18.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ 15.01.2018թ.-ին ոստիկանության ծառայողները Երեւան քաղաքի Մաշտոցի պողոտայի մոտակայքից իրեն նստեցրել են ոստիկանության պարեկապահակետային ծառայության ավտոմեքենան եւ տեղափոխել ոստիկանության Կենտրոնականի բաժին: Մ. Մ.-ն հայտնել է, որ ճանապարհին` ավտոմեքենայում, ոստիկաններից մեկը հարվածել է իր գլխին:
Եվս մեկ քաղաքացի` ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով մեղադրյալ, հետախուզման մեջ գտնվող Գ. Կ.-ն, 08.01.2018թ.-ին հաղորդում է տվել, որ նույն օրը ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողներն իրեն ծեծի են ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ Գ. Կ.-ի` տուժել է նաեւ այդ պահին իր հետ գտնվող հղի դուստրը, ով ոստիկանների գործողությունների պատճառով տարած սթրեսի հետեւանքով առողջական խնդիրներ է ունեցել եւ տեղափոխվել հիվանդանոց:
Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու եւ բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերը նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:



























