Զանգեզուր կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի Շիկահող արգելոցի տեղամասի տեսուչն այսօր՝ հունվարի 31-ին, պլանային շրջայցի ժամանակ արձանագրել է գայլերի ոհմակի հարձակում եվրոպական այծյամի վրա:

Բնապահպանության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ տեսուչի եւ վերջինիս ուղեկցող շան մոտենալու ժամանակ գայլերը փախել են: Կենսոլորտային համալիրի աշխատակիցները վիրավոր կենդանուն, որի վերքերը՝ տեղում արտաքին զննությամբ խորը չեն եղել, տեղափոխել են գրասենյակի տարածք։ Անասնաբույժի միջամտությամբ առաջին բուժօգնություն է ցուցաբերվել, սակայն ստացված վնասվածքներն անհամատեղելի են եղել կենդանու կյանքի հետ եւ կարճ ժամանակ անց այծյամը սատկել է: Փաստի մասին տեղեկացվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի  Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցներին: Սահմանված կարգով դեպքի վերաբերյալ կազմվել է արձանագրություն։