Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստերն արդեն երկրորդ շաբաթն է՝ չեն կայանում: Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում տեղի ունեցող դատական նիստերն հետաձգվում են վկաների բացակայության պատճառով: Այս գործով վկաներ  Սամվել Սերոբյանը, Արթուր Վահանյանը եւ Նորիկ Օհանջանյանը չեն ներկայանում դատարան: Վկաներից Արթուր Վահանյանին դատարանը բերման ենթարկելու որոշում էր կայացրել, իսկ առանցքային վկաներից Նորիկ Օհանջանյանը տեղեկացրել էր, որ ԼՂՀ-ում է աշխատում եւ չի կարող ներկայանալ դատարան:

Դատարանը որոշում էր կայացրել Սամվել Սերոբյանին կրկին ծանուցել, իսկ Նորիկ Օհանջանյանի ներկայությունը դատարանում ապահովելու համար դիմել նրա աշխատավայր:

Հայկազ Բարսեղյանի սպանության մեջ մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: