Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ամանորյա ուղերձ է հղել հայ ժողովրդին: Ուղերձում ասվում է.

«Նոր Տարվա նախաշեմին մեզանից յուրաքանչյուրը հետադարձ հայացք է գցում անցնող տարվան, վերլուծում կատարած աշխատանքը, բացթողումները եւ ծրագրում հաջորդ տարվա անելիքները:

Շարունակելով հավատարիմ մնալ իր կոչմանը` մեր զինված ուժերը 2010 թվականին պատվով են կատարել իրենց գլխավոր խնդիրը` մեր պետության պաշտպանության ապահովումը: Հետեւողականորեն շարունակվել են զորքերի մարտական պատրաստության բարձրացման, անձնակազմի ռազմահայրենասիրական դաստիարակության ամրապնդմանն ուղղված աշխատանքները: Իրականացվել են մարտական հերթապահության բարելավման, սահմանամերձ շրջանների անվտանգությունն ամրապնդելու լայնածավալ միջոցառումներ: Անցնող տարում դաշտային երթերի, շտաբային զորավարժությունների եւ մարզումների հետ մեկտեղ անցկացվել են օպերատիվ-մարտավարական մի շարք զորավարժություններ, որոնք լրջորեն կատարելագործել են մեր զինված ուժերի անձնակազմի տեսական եւ գործնական ունակությունները: Այս ամենի արդյունքում էականորեն բարձրացել է զինված ուժերի տւարբեր ստորաբաժանումների ներդաշնակման եւ մարտական խնդիրների կատարման աստիճանը:

2010 թվականին զգալի առաջընթաց է գրանցվել նաեւ հայրենական ռազմարդյունաբերական համալիրի զարգացման գործում: Արդիականացվել եւ հագեցվել է բանակի նյութատեխնիկական բազան:

Ընդլայնվել է ռազմական համագործակցությունը թե ՀԱՊԿ, եւ թե ՆԱՏՕ-ի անդամ երկների հետ: Ռազմական համագործակցության շրջանակներում երկրի զինված ուժերի տարբեր ստորաբաժանումներ մասնակցել են արտերկրում կազմակերպված տարաբնույթ  զորավարժությունների: ՀՀ զինծառայողները պատվով են կատարել միջազգային անվտանգության ապահովման իրենց խնդիրները թե Կոսովոյում եւ թե Աֆղանստանում:

2010 թվականը զինված ուժերում հայտարարված էր «Գիտելիքի տարի»: Այս կարգախոսին համապատասխան, ողջ տարվա ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել զինծառայողների մասնագիտական պատրաստությանը:

Զինված ուժերում ընթացող բարեփոխումները անշրջելիորեն բարելավել են մի շարք կարեւոր ոլորտների աշխատանքները, դրանց լիովին նոր որակ հաղորդել, զինված ուժերում ներդրել առաջատար չափանիշներ:

Բանակն ավելի բաց եւ թափանցիկ է դարձել հասարակության առջեւ: Ողջունելի է, որ զինված ուժերում տեղի ունեցած ինչպես դրական, այնպես էլ բացասական երեւույթներն ակտիվորեն քննարկվել են հասարակության տարբեր շրջանակներում եւ մամուլում:

Այնուամենայնիվ, բանակում խնդիրները դեռեւս շատ են, իսկ դրանց լուծումը պահանջում է բոլորիս ուշադրությունն ու նվիրումը:

Պաշտպանական բարեփոխումների գործընթացը, որն ուղղված է այդ խնդիրների լուծմանը, շարունակական բնույթ է կրում` տարեցտարի առաջադրելով առավել բարձր չափանիշներ: Կարծում եմ` 2011 թվականին պաշտպանական բարեփոխումները կապահովեն այնպիսի որակական առաջընթաց, որը նոր մակարդակի կբարձրացնի զինված ուժերի մարտական վարպետության աստիճանը եւ միաժամանակ տեսանելի կլինի հասարակության համար:

Որպես պաշտպանության նախարար, ցանկանում եմ հավաստիացնել, որ պաշտպանական բարեփոխումների բոլոր խնդիրները կան եւ մնալու են իմ անմիջական ուշադրության ներքո, եւ մենք հասնելու ենք այն շեմին, որը կապահովի մեր ժողովրդի անվտանգ զարգացումը առաջիկա տասնամյակների համար: Այս ամենի համար պետք է ունենանք վստահություն սեփական ուժերի նկատմամբ եւ հավատ ապագայի հանդեպ:

Սրտանց շնորհավորում եմ ձեզ` գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթում եմ երջանկություն ու լավատեսություն վաղվա օրվա նկատմամբ:

Շնորհավորանքի առանձնահատուկ խոսքեր եմ ուղղում ամանորյա գիշերը մարտական հերթապահություն իրականացնող բոլոր զինծառայողներին` մաղթելով նրանց տոկունություն ու խաղաղ ծառայություն, իսկ զինծառայողների ծնողներին` քաջառողջություն ու բարօրություն:

Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»: