Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին Բաթումիում մասնակցել է ժողովրդական տոնախմբություններին, որտեղ մի շարք հնչեղ հայտարարություններ է արել, համտեսել հսկայական խաճապուրի, գինի, ինչպես նաեւ օդանավով սավառնել երկնքում, որը վարել է անձամբ ինքը:
Լեռնային Աջարիայում, նրա խոսքով, կսկսեն նոր գինի արտադրել, որը կմրցակցի ֆրանսիական հայտնի գինիների հետ, ինչպիսին է, օրինակ, «Շաբլին»:
Բացի այդ, այս տարվանից Բաթումիում շինարարությունն ավելի մասշտաբային է լինելու: «Մինչ այս մենք կառուցել ենք 20-30 մետրանոց շենքեր, իսկ այս տարվանից կառուցելու ենք 40, 50, 60 մետրանոց: Սկսում ենք տեխնոլոգիական համալսարանի շինարարությունը, որը կլինի Վրաստանի պատասխանը նոր տեխնոլոգիաներին»,- հայտարարել է Սահակաշվիլին:
Վրաստանի նախագահի ներկայացամամբ, բարձր լեռնային Աջարիայում նախատեսվում է կառուցել նաեւ դահուկային հանգստավայր: ««Խուլոյում սկսում ենք հանգստավայրի շինարարությունը: Նաեւ կսկսենք Խուլոն Ադիգենին կապող մայրուղու շինարարությունը, ինչը նշանակում է, որ կավելանա տուրիստական պոտենցիալը եւ կստեղծվեն նոր աշխատատեղեր»,- ընդգծել է Վրաստանի նախագահը:





























