Ֆրանսիայում հաքերները հարձակվել են խոշոր մթերային ցանցերի մի քանի հարյուր խանութների վրա․ վաճառքի կետերում կոտրվել են սառնարանների և սառցախցիկների կառավարման համակարգերը, ինչի հետևանքով սարքավորումների մի մասը տաքացել է, իսկ թարմ և սառեցված մթերքները փչացել են։ Դրանց ընդհանուր արժեքը կարող է կազմել միլիոնավոր եվրոներ, հայտնում է BBC-ն։ Առանձին առևտրային ցանցերի տվյալներով՝ որոշ սառնարանային կայանքներում ջերմաստիճանը հասել է 50 աստիճանի։

Հարձակումը ուղղված էր դանիական ինժեներական Danfoss ընկերության ծրագրային ապահովման դեմ, որը թույլ է տալիս հեռավար կառավարել սառնարանային սարքավորումները։ Սովորաբար սառցախցիկները գիշերը կարճ ժամանակով բարձրացնում են ջերմաստիճանը հալեցման համար, սակայն այս անգամ հաքերները կայանքներին հրաման են տվել տաքանալ և մնալ տաք վիճակում։

Coopérative U-ի գլխավոր տնօրեն Դոմինիկ Շելխերը տեղի ունեցածը անվանել է «չափազանց լուրջ և աննախադեպ» հարձակում։ Այն ազդել է ցանցի ավելի քան 100 խանութի վրա։ Intermarché-ում և Netto-ում տուժել է 180 խանութ, ևս մոտ 100 առևտրային կետ շտապ անջատվել է ինտերնետից՝ նոր միջադեպերը կանխելու համար։ Reuters-ի տվյալներով՝ Intermarché-ի սառնարաններում ջերմաստիճանը վեց ժամ շարունակ հասել է 50 աստիճանի։

Carrefour-ը հայտնել է իր 6000 խանութներից 80-ում սառնարանների կոտրման մասին։ Monoprix-ում հարձակումը ազդել է ավելի քան 400 առևտրային կետերից 5%-ի վրա։ Intermarché և Netto ցանցերին տիրապետող Mousquetaires Group-ի տվյալներով՝ հոկտեմբերի 12-ի ցերեկը թարմ և սառեցված մթերքների որոշ ցուցափեղկեր շարունակում էին մնալ շարքից դուրս։

Danfoss-ը հայտարարել է, որ հարձակումը ազդել է հին սառնարանային կայանքների վրա, որոնց անվտանգության ծրագրային ապահովումը հնարավոր չէր թարմացնել։ Ընկերությունը հավելել է, որ վաղուց խորհուրդ էր տալիս ձեռնարկություններին իրենց համակարգերի ծրագրային ապահովումը պահել արդիական վիճակում։ Ֆրանսիական դատախազությունը սկսել է սառնարանային սարքավորումների դեմ կիբերհարձակման հետաքննություն։