«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում 2017թ. ապրիլի 5-ին մահացած դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանի իրավահաջորդի ներկայացուցիչների բողոքը դատարանում է: Իրավահաջորդի ներկայացուցիչները ներկայացրել էին բազմաթիվ փաստեր եւ ապացույցներ այն մասին, որ Հրաչյա Գեւորգյանի մահը վրա է հասել մի շարք պաշտոնատար անձանց եւ բուժաշխատողների անգործության կամ հանցավոր գործողությունների հետեւանքով:
Հրաչյա Գեւորգյանի մահվան փաստով հարուցված քրեական գործը ՀՔԾ-ում կարճվել էր: Գեւորգյանի մայրը պնդում է, որ իր որդուն սպանել են:
Նշենք, նիստը տեղի կունենա 2018թ. փետրվարի 20-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում:
Հիշեցնենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը ՔԿՀ-ում գտնվելու ընթացքում բաց նամակում ահազանգել էր ՔԿՀ-ում խոշտանգումների ու ապօրինի դրամահավաքների մասին՝ նշելով կոնկրետ անուններ: Նա նշել էր, որ երկու տարի է՝ ոչ կարողանում է խոսել, ոչ քայլել: Դատապարտյալն ասել էր, որ իրեն մտածված չեն տանում բուժման, «մառալնի սովամահ են անում»:
Դատապարտյալը նաեւ ահազանգել էր դրամահավաքության մասին:
«Ամեն հարկն ունի իր օպերն ու ռեժիմնիկը, ամեն ամսվա վերջ ամեն խուցը տալիս ա 100 հազար օպերին, 100 հազար ռեժիմնիկին: Անձամբ ես շատ եմ տվե: Պետը ոտից գլուխ հանցավոր ա, էս պետը՝ Սեդրակ Հարությունյանը, Սմբատ Բուղլադարյանի թայն ա, իրար հետ գործընկերներ են: Ինքը շուտ Ս. Բուղլադարյանին տեղափոխեց ուրիշ տեղ, որ իրենց արած կեղտերը ջրի երես չելնի»,- գրել էր նա:
Նշենք, որ դատապարտյալ Հրաչյա Գեւորգյանը տառապում էր Պարկինսոնի հիվանդությամբ, ուներ հեպատիտ Ց, բրոնխիալ ասթմա:
Հրաչյա Գեւորգյանը մեղավոր էր ճանաչվել փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող իր կնոջը առեւանգելու եւ դրամաշորթության մեջ:




























