Իսլանդիայում կրոնական պատճառներով տղաների թլպատումը ցանկանում են քրեականացնել: The Guardian-ը գրում է, որ խորհրդարանում թլպատման արգելման մասին, բացառությամբ այն դեպքերի, երբ դա բժշկական նպատակներով է արվում, օրինագիծ է ներկայացվել: Խախտման համար պատիժը մինչեւ վեց տարվա ազատազրկում է:
Եթե օրենքի նախագիծը հաստատվի, ապա Իսլանդիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որտեղ արգելվում է տղաների ծիսական թլփատումը: Թլպատումը կարեւոր ծես է հուդայականություն ու իսլամ դավանող մարդկանց համար: Իսլանդիայի բնակչությունը 335667 մարդ է, որից մոտ 250-ը հրեա է եւ մոտ 1500-ը՝ մահմեդական:
Կրոնական պատճառներով թլփատման արգելքը բացատրվում է երեխաների իրավունքների պաշտպանությամբ: Օրինագծում նշվում է, որ տղաների թլփատումը հակասում է ՄԱԿ Երեխայի իրավունքների մասին կոնվենցիայի նորմերին:




























