Վերջին մեկ տարվա ընթացքում ահռելի զարգացումներ ենք ունեցել արհեստական բանականության ոլորտում։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 6–ին, Երևանում ընթացող Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորապես, նշեց. «Հայաստանում արդեն արհեստական բանականության ոլորտի այնքան հաստատված ներդրումային ծրագրեր կան, որ, ըստ էության, մենք կարող ենք ասել 1.5 տարի առաջվա համեմատությամբ, երբ մենք մեզ դիրքավորում էինք որպես էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր, որը պետք է արտահանման շուկաներ փնտրի, մենք այսօր արձանագրում ենք, որ արդեն հաստատված ներդրումային ծրագրերի շրջանակներում մոտենում ենք այն շեմին, որ առանց լրացուցիչ և մեծ էլեկտրաէներգիայի արտադրության հզորություններ ստեղծելու, մենք էլեկտրական էներգիայի արտահանման մասին մտածելու հնարավորություն չենք ունենա։

Մեր ներքին սպառումը արդեն, հատկապես և այդ թվում տեխնոլոգիաները և արհեստական բանականության ոլորտի ներդրումների շնորհիվ կաճի այնքան, որ մենք արտահանելու համար ռեսուրս չենք ունենա, եթե մենք լրացուցիչ և մեծ էլեկտրական էներգիայի արտադրության կարողություններ չգեներացնենք»։