Մեկնարկում է նոր ծրագիր` ուղղված կաթի արտադրության ոլորտի բարելավմանը: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը հանդիպել է  ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (FAO) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային գրասենյակի ագրոտնտեսագետ Ջոն Օ՛Քոնելի գլխավորած պատվիրակությանը` «Անասնակերի մատակարարման  եւ կաթի վերամշակման գործընթացների բարելավում Հայաստանի կաթնամթերքի ոլորտում»  ծրագրի մեկնարկին եւ իրականացմանն առնչվող հարցերի քննարկման նպատակով:

Գյուղնախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարը, ողջունելով հյուրերին, կարեւորել է նման ծրագրի իրականացումը Հայաստանում:

«Սա մեզ համար շատ կարեւոր ծրագիր է: Մենք ունենք անասնապահության լավ պատմություն եւ ոլորտում ոչ գոհացուցիչ իրավիճակ:  Գիտենք` ուր ենք ուզում գնալ, սակայն  ունենք հարցադրումներ, որոնց պատասխաններն ու լուծումներն ակնկալում ենք այս ծրագրից»,- մասնավորապես նշել է Իգնատի Առաքելյանը:

Նախարարը հույս է հայտնել, որ ծրագրի իրականացման արդյունքում հնարավոր կլինի առկա խնդիրների լուծման բանաձեւերը գտնել, ինչը հիմք կհանդիսանա ոլորտի երկարաժամկետ ռազմավարության մշակման համար:

Իգնատի Առաքելյանը մասնավորապես կարեւորել է արոտավայրերի, կենդանիների տոհմային հատկանիշների բարելավմանը, առավել արդյունավետ կերարտադրության զարգացմանը, կաթի որակի բարձրացմանը, կենդանիների արդյունավետ պահվածքին առնչվող հարցերը:

Ջոն Օ՛Քոնելը, ներկայացնելով ծրագրի հիմնական դրույթները, նշել է, որ այն ունի երկու բաղադրիչ: Առաջինը վերաբերում է կերարտադրության ոլորտի ուսումնասիրությանը, որի շրջանակում նաեւ երկրի շրջակա միջավայրին առավել հարմար այլընտրանքային կերարտադրության տարբերակներ կընտրվեն եւ արդյունքում կմշակվի տնտեսական մոդել` ուղղված կերարտադրության միջոցով կաթի արտադրության   ավելացմանը:

Նա նաեւ տեղեկացրել է, որ նոյեմբեր ամսին տեղի ունենալիք սեմինարի ընթացքում, որին կմասնակցեն պետական եւ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ,  կներկայացվեն այդ ուսումնասիրությունների արդյունքները ռազմավարությունների մշակման համար:

Ծրագրի շրջանակում երկրորդ հետազոտությունը նվիրված կլինի կաթի վերամշակման ոլորտի ուսումնասիրությանը: Բացի դրանից, հարցում կիրականացվի սպառողների շրջանում:

Այս երկու ուսումնասիրությունները համադրելով` կստեղծվի ներդրումների ճանապարհային քարտեզ:

Նախարար Առաքելյանը կարեւորել է ծրագրի իրականացման ընթացքում նախարարության պատասխանատու ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությունը` ընդգծելով, որ նախարարության տեղեկատվական բազայում առկա են արդեն իրականացված տարբեր ուսումնասիրություններ, որոնք կարող են օգտակար լինել` խնայելով ժամանակ եւ ռեսուրսներ, ինչպես նաեւ կարեւորել է առաջարկների տնտեսական հիմնավորումը` հույս հայտնելով, որ այս ծրագրի իրականացման արդյունքում, միջազգային փորձը տեղայնացնելով Հայաստանի իրականության հետ, կառաջարկվեն կիրառական նշանակություն ունեցող  լուծումներ` ուղղված ոլորտի զարգացմանը: