Այո, մարտի 1-ին եղել է գաղտնի հրաման, եւ այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության: Այս մասին, այսօր՝ փետևրվարի 23-ին, ԱԺ-ում «Մարտի 1»-ի վերաբերյալ հայտարարություն ընդունելու մասին «Ելք» խմբակցության նախաձեռնած խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը:

Անդրադառնալով խորհրդարանական լսումների ժամանակ հնչած տեսակետներին ու հարցադրումներին՝ նա վստահեցրեց, որ ինքն ունի բոլոր հարցերի սպառիչ պատասխանները՝ եւ զորքի ներգրավվածության, եւ արտակարգ դրություն հայտարարելու, եւ գործի հանգամանքների քննության վերաբերյալ;

«Բանախոսներից մեկը նշեց, որ արտակարգ դրություն հայտարարելու մասին հրամանագիր նախագահի կողմից ընդունվել է առանց արտակարգ դրության մասին օրենքի: Այո, բայց դրա անհրաժեշտությունը չկար այդ պահին, որովհետեւ այժմ էլ ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 13-րդ կետը հստակ սահմանում է, որ ՀՀ նախագահը հայտարարում է արտակարգ դրություն եւ իրականացնում է իրավիճակից թելադրվող միջոցառումներ»,-ասաց Կոստանյանը:

Ինչ վերաբերում է 2008թ. մարտի 1-ին տրված գաղտնի հրամանին, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ այո, եղել է գաղտնի հրաման, որը բացահայտելու համար մարդիկ ենթարկվեցին խատասխանատվության. «Այո, դա գաղտնի հրաման էր, եւ այդ գաղտնիքը հրապարակելու համար անձինք ենթարկվեցին քրեական պատասխանատվության։ Բայց չափազանց կարեւոր էր իմանալ, թե արդյո՞ք դա ենթադրում էր զորքի մասնակցություն կամ ներգրավվածություն մարտի 1-ի միջոցառումներին: Իհարկե ոչ, որովհետեւ փաստահավաք առաքելությանը տրված բացատրություններում հստակ սահմանվում էր, որ այս հրամանը վերաբերում էր զորքը զորանոցային վիճակի բերելու անհրաժեշտությանը, ընդ որում՝ պայմանավորված նրանով, որ այդ ժամանակահատվածում սահմանին ակտիվացում էր գնում, եւ մի քանի միջադեպեր եղան»,-ասաց Կոստանյանը: Սա առաջ բերեց դահլիճի վրդովմունքը, ինչին Կոստանյանն արձագանքեց. «Ասելով չի, այդ ամենը գրած է: Եթե մարդը չի կարդում հրամանը եւ հետեւություն է անում, նման հետեւոյթւոն է լինում: Եթե դուք ինչ-որ բանի հետ համաձայն չեք, դա չի նշանակում, որ դա այդպես չի»:

Ինչ վերաբերում է փաստահավաք խմբի առաքելության դադարեցմանը, Գեւորգ Կոստանյանն ասաց, որ խորհրդարանի կողմից ստեղծվել է ժամանակավոր հանձնաժողով, դրա գործունեության ապահովման եւ հասարակության պահանջները բավարարելու նպատակով ՀՀ նախագահը ստեղծեց փաստահավաք խումբ, որի մեջ ներգրավվեց նաեւ ընդդիմությունը, որպեսզի այդ մարմնի օբյեկտիվությունը կասկածի տակ չդրվի. «Սահմանվեց, որ փաստահավաք խումբը ստեղծվում է հանձնաժողովին փաստեր տրամադրելու նպատակով, եւ ամենակարեւորը՝ փաստահավաք խմբի գործունեությունը դադարում է այդ փաստերը հավաքելու եւ հանձնաժողովին տրամադրելու պահից հետո: Դրանից հետո, որ ասում եք՝ նախագահը փաստահավաք խումբը լուծարեց. դա պայմանավորված էր դրանով, որովհետեւ փաստահավաք խումբը դադարել էր գործել արդեն այդ կանոնադրության ուժով, ոչ թե առանձին գործունեության արդյունքում»:

Կոստանյանն անդրադարձավ նաեւ քրեական գործեր հարուցելուն, նշելով, որ ԱԺ-ում դատախազության ներկայացուցիչը մանրամասն բացատրեց, իսկ ավելին դատախազն անել չի կարող, որովհետեւ եթե դատախազությունը հրապարակի նախաքննության տվյալները, ինքը պատասխանատվության ենթակա սուբյեկտ կլինի: «Բայց խնդիրն այն է, որ մեր ակնկալիքները, բոլորիս ակնկալիքները դեռ արդարացված չեն, արդարացված կլինեն, երբ յուրաքանչյուր մահվան փաստի առնչությամբ հարուցված քրեական գործով պարզվեն մեղավորները, կոնկրետ կրակողները կամ նռնակ պայթեցնողները եւ ենթարկվեն պատասխանատվության: Բոլորիս ակնկլիքն ու պահանջն էլ դա է: Բայց ասել, որ դրա համար ոչինչ չի արվում, բացարձակ անընդունելի է»,-ընդգծեց նա: