Իտալիայի Ռավեննայի շրջանում արձանագրվել է թռչունների հերթական զանգվածային անկումը: Առնվազն 400 սատկած աղավնիներ են հայտնաբերվել Ֆաենցա քաղաք տանող ճանապարհի մոտ:

Թռչունների սատկելու պատճառները դեռ հայտնի չեն: Ներկայումս մի քանի սատկած աղավնիների մարմիններն ուղարկվել են փորձաքննության, պարզելու նման զանգվածային անկման պատճառները, գրում է «ՌԻԱ նովոստին»:

Մասնագետների կարծիքով, աղավնիների սատկելու պատճառ կարող է լինել համաճարակը, վարակը կամ քիմիական թունավորումը, քանի որ այն շրջանում , որտեղ հայտնաբերվել են սատկած աղավնիները, մի քանի գործարաններ են գործում:

Սա արդեն թռչունների զանգվածաբար սատկելու 3-րդ դեպքն է այս տարվա ընթացքում: Նախորդ շաբաթ մեծ քանակությամբ սատկած թռչուններ էին հայտնաբերել շվեդական Ֆալկոպինգ քաղաքի մոտակայքում: Հաղորդվում է, որ դրա պատճառը «անսպասելի արտաքին ազդեցության ներքո արյան կորուստն է»:

Թռչունների զանգվածաբար սատկելու դեպք է արձանագրվել նաեւ ԱՄՆ-ի Արկարնզաս նահանգում, նաեւ Կանադայի Քվեբեկ նահանգում, որտեղ սատկած աղավնիների թիվը հասել է 80-ի: