Վանաձորի բժշկական կենտրոնում անցած տարվա հոկտեմբերին մահացած ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանի գործով հարուցված քրեական գործի նախաքննության ավարտին ծննդականի իրավահաջորդի ներկայացուցիչը միջնորդությամբ է հանդես եկել: NEWS.am-ի հետ զրույցում Հռիփսիմե Նազլուխանյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Անի Չատինյանը նշեց, որ միջնորդություն է ներկայացրել ծննդկանի մահվան մեջ մեղադրվող բժիշկ Դավիթ Շահվերդյանի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին, որը, սակայն, մերժվել է: Անի Չատինյանի խոսքով, իր ներկայացրած միջնորդությունը մերժվել է քրեական գործում Դավիթ Շահվերդյանի լիազորությունները դադարեցնելու մասին որոշման առկայության հիմքով: Նրա խոսքով, չնայած, որ բժշկի լիազորությունները ժամանակավորապես դադարեցնելու մասին որոշում կա, սակայն, նա շարունակում է աշխատել Վանաձորի բժշկական կենտրոնում: Անի Չատինյանը նշեց, որ նույն միջնորդությամբ է պատրաստվում հանդես գալ դատարանում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը մահացել է 2016 թվականի հոկտեմբերի 18-ին Վանաձորի ԲԿ-ում: Հարուցված քրեական գործի շրջանակում նշանակված հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն՝ 32-ամյա կնոջ ծննդաբերությունից հետո մանկաբարձ-գինեկոլոգների կողմից չեն կատարվել ծննդկանի հետծննդաբերական արյունահոսության հիմնական աղբյուր հանդիսացող վնասվածքի՝ արգանդի պատռվածքի վերականգնում եւ արյունահոսության դադարեցում։ Ըստ փորձագետների՝ ծննդկանի նկատմամբ չեն կատարվել բժշկական անհրաժեշտ միջոցառումները, ինչի արդյունքում ծննդկանի մոտ արյունահոսական բարդությունները շարունակվել են ու հանգեցրել մահվան:
Գործով մեղադրանք է առաջադրվել Վանաձորի ԲԿ-ի ավագ մանկաբարձ-գինեկոլոգ Դավիթ Շահվերդյանին եւ մանկաբարձ-գինեկոլոգ Ա. Բալայանին: Վերջինս այս տարվա հոկետեմբերին ավտովթարի հետեւանքով մահացել է:



























