Թուրքիայում մեծ արձագանք է գտել սոցիալապես անապահով ընտանիքի նորածին երեխայի համար խանութից մանկական կեր գողացողին 4 տարի ազատազրկման դատապարտելու վճիռը։

Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրի Քարֆուր սուպերմարկետ մտած տղամարդը ընկերոջ սոված երեխայի համար տուփով մանկական կեր է վերցրել ու առանց գումարը վճարելու հեռացել։

Այնուհետ սուպերմարկետի անվտանգության աշխատակիցները տեսախցիկները ստուգելու ժամանակ հայտնաբերել են գողության փաստ եւ դիմել ոստիկանություն։ Դատարանում տղամարդը խոստովանել է գողության փաստը՝ ասելով, որ շատ է ցանկացել օգնել անապահով ապրող ընկերոջ ընտանիքին, քանի որ նորածին երեխան սոված է եղել, իսկ ինքն էլ չի կարողացել ֆինանսապես օգնել եւ ստիպված մանկական կեր է գողացել, որի համար զղջում է։

Տղամարդը պնդել է, որ պատրաստ է փոխհատուցել սուպերմարկետից գողացված մանկական կերի գումարը, սակայն դատարանը չի ներել տղամարդուն եւ դատապարտել է 4 տարի ազատազրկման։