Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրվա միջոցառումների շրջանակում՝ մարտի 2-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունը Երեւանի Ավան վարչական շրջանի թիվ 180 հիմնական դպրոցում անցկացրել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝  «Անձնակազմի եւ աշակերտների պաշտպանության կազմակերպումն ու իրականացումը հակառակորդի հանկարծակի հարձակման դեպքում» թեմայով:

Ուսումնավարժության նպատակներն էին.

կատարելագործել  փրկարարական, վթարավերականգնողական եւ նախնական բժշկական օգնության հմտությունները,

ստուգել կազմավորումների պատրաստվածությունը ստեղծված իրավիճակում իրենց առջեւ դրված խնդիրների կատարման ուղղությամբ,

կատարելագործել դպրոցի կազմավորումների եւ արձագանքող ուժերի փոխհամագործակցությունը:

Միջոցառմանն ընդգրկված էին թիվ 180 հիմնական դպրոցի ուսուցչական անձնակազմը, կապի եւ ազդարարման, փրկարարական, որոնողափրկարարական եւ բժշկական կազմավորումները, ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության Ավան բաժինը եւ շտապ բուժօգնության 1 բրիգադ:

Հնչեց «Օդային տագնապ» ազդանշանը, որից հետո դպրոցից ահազանեցին «911» ծառայություն: Իրականացվեց դպրոցի անձնակազմի ազդարարում, այնուհետեւ աշխատակիցների եւ աշակերտների պատսպարում՝ շուրջ 730 մարդ: Հետախուզությունից հետո դպրոցի փրկարարական օղակը շենքից դուրս բերեց 3 «տուժածի», որոնց տեղում ցուցաբերվեց առաջին օգնություն:

Ուսումնավարժության ավարտին մասնակիցները վերլուծեցին իրականացված գործողությունները՝ մատնանշելով ուժեղ եւ թույլ կողմերը, ընդգծելով հանրակրթական դպրոցներում նման միջոցառումների անցկացման ու կարողությունների բարձրացման նշանակությունը: