Վերջին տարիներին Հայաստանի եւ Վրաստանի միջեւ երկկողմ հարաբերություններն աճի եւ հետագա զարգացման նոր ազդակ են ստացել: Այս մասին մարտի 3-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վրացագետ Ջոնի Մելիքյանը:
Նրա խոսքով, վերջին շրջանում փոխվել է փոխայցելությունների դինամիկան, ինչպես նաեւ երկու երկրների պատվիրակությունների այցերի քանակը եւ որակը: «Այցելությունները երկու երկրներ տեղի են ունենում պատվիրակությունների բավականին լուրջ կազմով: Բացի այդ, պաշտոնական հայտարարությունների որակը եւս փոխվել է», - ասել է Մելիքյանը:
Միեւնույն ժամանակ, փորձագետը նշել է, որ փոխվել են Վրաստանի հարաբերությունները հարեւանների` Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Փորձագետը գտնում է, որ Հայաստանը, այս առումով, ավելի շահեկան դիրք է զբաղեցնում, քանի որ վրացական կողմն այնպիսի հայտարարություններ է անում, որոնք Ադրբեջանում անհանգստություն եւ դժգոհություն են առաջացնում ինչպես փորձագետների, այնպես էլ քաղաքական ղեկավարության մակարդակում: Սա, ըստ Մելիքյանի, պայմանավորված է ոչ միայն Վրաստանի ղեկավարության վերջին ժամանակներս որդեգրած՝ բոլոր հարեւանների հետ կայուն հարաբերությունների զարգացման քաղաքականության հետ, այլ նաեւ այն քայլերի, որոնք պաշտոնական Երեւանը ձեռնարկել եւ շարունակում է ձեռնարկել:




























