Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության (ԳՍԴԿ) անդամների մեծամասնությունը կողմ է քվեարկել Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) եւ Քրիստոնեա-սոցիալական միություն (ՔՍՄ) դաշինքի հետ «մեծ կոալիցիայի» ձեւավորմանը: Այս մասին կիրակի՝ մարտի 4-ին Բեռլինում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնել է ԳՍԴԿ-ն, փոխանցում է DW-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ քաղաքական միության օգտին է քվեարկել շարքային սոցիալ-դեմոկրատների 66,02 տոկոսը: Քվեարկությանը մասնակցել է ԳՍԴԿ ընդհանուր 363494 անդամ:
Ներկայումս ԳՍԴԿ-ն ավելի քան 463 հազար անդամ ունի, որոնք բոլորը կարողացել են քվեարկությանը մասնակցել փոստով: Քվեարկությունը սկսվել է փետրվարի 20-ին եւ ավարտվել մարտի 2-ին:
Այսպիսով, Գերմանիայում կառավարական կոալիցիա կազմավորելու համար այլեւս խոչընդոտներ չկան: Փետրվարի սկզբին ՔԴՄ/ՔՍՄ եւ ԳՍԴԿ դաշինքի ղեկավարությունը համաձայնեցրել է կոալիցիոն պայմանագրի տեքստը, սակայն սոցիալ-դեմոկրատների առաջնորդները պայման էին առաջ քաշել, որի համաձայն համաձայնագիրը կստորագրվեր միայն այն պայմանով, եթե այն արժանանար կուսակցության շարքային անդամների հավանությանը:




























