Բանակի սպա, լեյտենանտ, մոտ մեկ տարի առաջ ականի պայթյունից 2-րդ կարգի հաշմանդամ դարձած Երվանդ Խաչատրյանի դեմ ապօրինի քրեական գործ է հարուցվել : Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երվանդ Խաչատրյանի պաշտպան Նորայր Նորիկյանը, նշելով, որ այս պահին գործը գտնվում է նախաքննության փուլում:

Երվանդ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, ինչն առաջացել է անփույթ կամ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով եւ հանգեցրել է ծանր հետեւանքների։ Խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։

«Մենք գտնում ենք, որ Երվանդ Խաչատրյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, շինծու մեղադրանք է առաջադրվել նրան, մեղադրանք առաջադրելու համար բավարար ապացույցներ առկա չեն: Ավելին` մենք հատուկ միջնորդությամբ դիմել ենք Պաշտպանության նախարարին, որ զինծառայության ընթացքում զոհված կամ առողջությանը վնաս հասցնելու պատճառելու մասին ՀՀ օրենքով սահմանված կարգով հատուցելու Երվանդ Խաչատրյանի առողջությանը հասցված վնասը, հիմա սպասում ենք դրա պատասխանին, եւ ըստ այդմ էլ մենք վերջնական դիրքորոշում կհայտնենք»,-ասաց պաշտպանը` հավելելով, որ Երվանդ Խաչատրյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Նշենք, որ Երվանդ Խաչատրյանը 2017 թվականի մարտի 6-ին Թալիշի ուղղությամբ տեղակայված մարտական հենակետի շրջակայքում ստացել է ականապայթյունային վիրավորում։ Կորցրել է ոտքի թաթը, մարմնի տարբեր հատվածներում բեկորային վնասվածքներ ստացել։

Պաշտպան Նորայր Նորիկյանի կարծիքով` քրեական գործը պետք է կարճվի հանցակազմի բացակայության պատճառով:

«Ըստ էության մինչ օրս Երվանդ խաչատրյանը չի փոխհատուցվել, նաեւ զրկվել է զինվորական թոշակից` այն պատճառաբանությամբ, որ այդ ամենը կատարվել է նրա մեղքով: Բայց այդ առնչությամբ Երվանդ Խաչատրյանը հատուկ բողոք է ներկայացրել գլխավոր դատախազին, որ ինքը որեւէ կապ չունի իրեն առաջադրվող մեղադրանքի հետ: Ես որպես Երվանդ Խաչատրյանի պաշտպան պնդում եմ, որ նա մարտական հերթապահության որեւէ կետ չի խախտել, հակառակը` Երվանդ Խաչատրյանի արաքը պետք է օրինակելի լինի մեր բոլոր զինծառայողների համար, ովքեր իրենց կյանքը վտանգելով պաշտպանում են իրենց հայրենիքը: Մեզ համար վիրավորական է, որ այս ամենից հետո նրան հերոսացնելու փոխարեն, շինծու մեղադրանք են առաջադրել, որը դատական հեռանկար չունի»,-ասաց պաշտպանը:

Պաշտպանը հավելեց, որ ինքը նույպես եղել է դեպքի վայրում եւ համոզվել, որ Երվանդ Խաչատրյանը որեւէ հակաօրինական գործողություն չի կատարել:

Լուսանկարը՝ Forrights.am-ի