Ձգված հակամարտությունների գծով ԵԱՀԿ լիտվական նախագահության նորանշանակ հատուկ ներկայացուցիչ, Լիտվայի ԱԳՆ նախկին քարտուղար Գեդրյուս Չեկուոլիսը փետրվարի վերջին կայցելի Հարավային Կովկասի տարածաշրջան։

Նա կլինի Երեւանում եւ Բաքվում։ Այցի մանրամասները դեռեւս մշակվում են, հայտնում է Trend գործակալությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Գեդրյուս Չեկուոլիսը 2010 թվականի դեկտեմբերին հայտարարել էր, որ Լիտվան ԵԱՀԿ-ում նախագահելու ընթացքում դժվար թե ձգձգված հակամարտությունների լուծման ճանապարհին հեղափոխություն սադրի, սակայն  կաշխատի բոլոր ուղղություններով, որպեսզի դրական արդյունքների հասնի։

«Ես կասկածում եմ, որ մեզ կհաջողվի հեղաշրջում իրականացնել ձգված հակամարտությունների լուծման ուղղությամբ, քանի որ ԵԱՀԿ կազմակերպություն է, որում առաջընթացը չափվում է միլիմետրերով։ Սակայն ամեն նվաճված միլիմետրը ոսկու քաշ ունի»,- հայտարարել է Չեկուօլիսը։

2010 թվականին ԵԱՀԿ նախագահությունը պատկանում էր Ղազախստանին։ 2011 թվականին Ղազախստանին փոխարինել է Լիտվան, 2012-ին այդ պարտականությունը կստանձնի Իռլանդիան, իսկ 2013-ին՝ Ուկրաինան։