Նյու Յորքում տեղակայված Լրագրողների պաշտպանության կոմիտե (CPJ) հասարակական կազմակերպությունը դատապարտել է թուրքական դատարանի որոշումը, որը 22 լրագրողների բանտարկության է դատապարտել՝ ահաբեկչության հետ կապված մեղադրանքներով, եւ կոչ է արել նրանց անմիջապես ազատել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Ստամբուլում 22 լրագրողների նկատմամբ կայացված այսօրվա դատավճիռը՝ հակապետական գործունեության մեղադրանքով, Թուրքիայի դատական համակարգի համար խայտառակություն է, եւ մենք իշխանություններին կոչ ենք անում բողոքարկման ժամանակ մեղադրանքներից հրաժարվել: Թուրքիայի իշխանությունները պետք է դադարեցնեն կին լրագրողին ահաբեկչությանը հավասարեցնելը եւ մամուլի տասնյակ աշխատողների ազատ արձակեն, որոնք բանտարկված են միայն այն պատճառով, որ կատարել են իրենց աշխատանքը»,- հայտարարել է կոմիտեի նախագահ Նինա Օգնյանովան:

Ստամբուլի դատարանը ավելի քան 20 մարդու բանտարկության է դատապարտել 2-ից մինչեւ 7,5 տարի ժամկետներով՝ ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության (FETO) քարոզչության համար, որը Անկարան ահաբեկչական է համարում եւ մեղադրում 2016 թվականի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ:

Դատապարտվածների թվում է Թուրքիայում հայտնի երգիչ եւ մեկնաբան Աթիլլա Թաշը, որը դատապարտվել է 3 տարի 1 ամիս ժամկետով բանտարկության՝ «ահաբեկչական խմբին գիտակցված օժանդակության» մեղադրանքով: Հայտնի լրագրող Մուրատ Աքսոյը, որն աշխատել է FETO-ի հետ կապված լրատվամիջոցներում, բատարկության է դատապարտվել 2 տարի 1 ամիս ժամկետով, իսկ նրա գործընկեր Ջումա Ուլուսը՝ 7,5 տարի ժամկետով: Բանտարկության ժամկետներ են ստացել նաեւ լրատվամիջոցների այլ աշխատակիցներ, որոնց նույնպիսի մեղադրանքներ են առաջադրվել: Նրանք աշխատել են հեռուստաալիքներում, ռադիոկայաններում, լրագրերում եւ ամսագրերում, որոնք կապված են Գյուլենի հետ: