Ադրբեջանի Աղստաֆայի շրջանում զինծառայողները զինված հարձակում են կատարել ավտոլիցքավորման կայանի վրա:
Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել են ոստիկանության շրջանային բաժնից, միջադեպն արձանագրվել է հունվարի 10-ի գիշերը Աղստաֆայի շրջանի Գիրիլի գյուղում, Միքայիլ Ասադովին պատկանող լիցքավորման կայանում:
Երեք անհայտ անձինք մտել են լիցքավորման կայան եւ կրակել աշխատակից 33-ամյա Մամեդ Մամեդովի վրա: Ստացած վնասվածքներից Մամեդովը մահացել է տեղում, իսկ հարձակվողները փախուստի են դիմել:
Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է զինծառայողների ինքնությունը: Կասկածյալները զինվորներ Ազիզ Ալիեւը, Սենան Մեհտիեւն ու Սալեհ Ասքերովն են: Նախնական հարցաքննության ընթացքում նրանք հայտարարել են, որ հարձակում են գործել գումար գողանալու համար, սակայն աշխատակցի զգոնության շնորհիվ չեն կարողացել իրականացնել իրենց մտադրությունը:





























