Այսօր՝ հունվարի 10-ի առավոտյան Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի բնակչի իր տանը կախվելու միջոցով ինքնասպան լինելու փաստի առթիվ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասին հատկանիշներով (Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը): Այս մասին NEWS.am-ին հայտնեց ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 10-ին, առավոտյան 10:30-ի սահմաններում Կոտայքի մարզի Լեռնանիստ գյուղի գյուղապետը ոստիկանության Կոտայքի մարզային վարչությանն ահազանգել է, որ նշված գյուղի իր տանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել գյուղի բնակիչ, 59-ամյա Աշոտ Գրիգորյանը:

Ըստ նախնական տեղեկությունների, մահը ինքնասպանության արդյունք է, սակայն դատաբժիշկը նախնական եզրակացություն է տվել, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր: Ի դեպ, բակում լվացքի պարանից կախված է եղել մի գրություն, որը քննչական մարմինն առգրավել է, իսկ տան հատակին արյան հետքեր են եղել: Գետնին հայտնաբերվել են նաեւ կանացի երկու ականջօղեր:

Ոստիկանություն է տարվել նաեւ մահացած Աշոտ Գրիգորյանի կինը՝ Աիդան, ում վրա եւս մարմնական վնասվածքներ են եղել: Հնարավոր է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվի, որ դեպքը ոչ թե ինքնասպանություն, այլ սպանություն է եղել:

Նշենք նաեւ, որ մահացածի կնոջը՝ 55-ամյա Աիդա Գրիգորյանի մարմնի վրա կան մարմնական վնասվածքներ, ինչի կապակցությամբ քննիչի կողմից նրան տրվել է դատաբժշկի ուղեգիր: Գյուղացիները Գագիկ Շամշյանին հայտնել են, որ, հավանաբար, ամուսինների միջեւ ծեծկռտուք է եղել, քանի որ նրանք միշտ անհաշտ են եղել: Կինը տանից հեռացել է, իսկ ամուսինը՝ մնացել է տանը, որտեղ էլ առավոտյան նրան հայտնաբերել են կախված վիճակում:

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Կոտայքի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարը` Գագիկ Շամշյանի