Թերթն իր խմբագրականում գրում է. «Վերջին 10 տարում թիկնազորը Հայաստանում դադարեցրել է իր կիրառական գործառույթները կատարել, այսինքն՝ ամենեւնին չի նպաստում «պահպանվող»  անձի անվտանգությանը։ Որքան շատ են քեզ շրջապատող հաստավիզ մարդիկ, որքան սարսափելի են դրանք հասարակ քաղաքացիների համար, որքան երկար է քեզ ուղեկցող շարասյունը, այնքան բարձր է քո դիրքը իշխանական (ոչ ֆորմալ) աստիճանակարգում։ Ի՞նչ են անելու այս հաստավիզները, երբ, ասենք, որեւէ օլիգարխի իրական վտանգ սպառնա։ Աստված մի՜արասցե, որ նման խնդիր առաջանա։

Իհարկե, այստեղ էլ ծայրահեղություններ չպիտի լինեն։ Նախ՝ այն պետական այրերը, ում անվտնգությունը, ըստ օրենքի, ապահովում է պետությունը, պետք է պահպանվեն ամենայն բարեխղճությամբ եւ այդ համակարգը պետք է անընդհատ զարգանա։ Երկրորդ՝ եթե քաղաքացին, լինի նա օլիգարխ, թե կրտսեր գիտաշխատող, զգում է, որ իր կյանքին վտանգ է սպառնում, նա պետք է դիմի պետական համապատասխան մարմնին, հարցնելով՝ կարելի՞ է արդյոք, որ ես ահա այս նպատակի համար ունենամ այսքան մարդ թիկնազոր, այսքան զենքով։ Եվ պետությունը պետք է մերժի կամ թույլատրի նման հայտը։ Համենայնդեպս, ակնհայտ է, որ նման խնդիրներ լուծելու համար 50 հոգի պետք չէ։ Եթե, իհարկե, մեր օլիգարխները հետաքրքրություն չեն ներկայացնում Բեն Լադենի համար»։