Լիբանանի ազգային միասնության կառավարությունը հրաժարական է տվել, երբ նախարարների մեկ երրորդ լքել է կառավարությունը:

Պաշտոնները լքել են ընդդիմադիր «Մարտի 8-ի դաշինքի» տասը ներկայացուցիչները, որոնք շիա ծայրահեղական «Հզբոլահ» խմբավորման անդամներ են: Հրաժարական տված 11-րդ նախարարը եղել է Լիբանանի նախագահի նշանակածներից:

Էներգետիկայի նախարար Ջեբրան Բասիլը նախարարների հրաժարականը բացատրել է այն բանով, որ երկրի վարչապետ Սաադ Հարիրիի «զիջել է օտար պետությունների ճնշումներին», մասնավորապես, ԱՄՆ-ի ճնշումներին, գրում է Lenta.ru-ն:

Տարաձայնությունների գլխավոր պատճառը 2005թ. երկրի վարչապետ Ռաֆիկ Հարիրիի սպանությունը հետաքննող ՄԱԿ միջազգային տրիբունալն է: Թեեւ Հաագայի տրիբունալը չի նշել Հարիրիի հնարավոր սպանողներին, սակայն  «Հզբոլահի» առաջնորդ Հասան Նասրալան հայտարարել է, որ Հարիրիի սպանության մեջ մեղադրում են իր խմբավորման անդամներին: Իրանի եւ Սիրիայի կողմից հովանավորվող «Հզբոլահը» Հարիրիի սպանությունն ու ստեղծված միջագային տրիբունալը համարում է իսրայելական նախագիծ:

Լիբանանի նախկին վարչապետ Ռաֆիկ Հարիրին սպանվեց 2005թ. փետրվարի 14-ին Բեյրութում` ականապատած ավտոմեքենայի պայթյունից: Հարիրիի հետ զոհվեց 22 մարդ: Լիբանանցիները մեղադրում էին սիրիական հատուկ ծառայություններին: Դամասկոսը հերքում էր բոլոր մեղադրանքներն ու ակնարկները: