Եվրախորհրդարանի նախագահ Եժի Բուզեկն առաջարկել է արգելել Բելառուսին մասնակցել միջազգային սպորտային մրցություններին, ինչպիսիք են օլիմպիադաներն ու աշխարհի առաջնությունները: Բուզեկն առաջարկել է նմանկերպ պատասխանել Բելառուսի իշխանությունների կողմից 2010-ի դեկտեմբերին ընդդիմության հանրահավաքը ցրելու քայլին:
«Բելառուսի կառավարությունը չունի ժողովրդավարական լեգիտիմություն: Եվրամիությունը պետք է վերանայի իր քաղաքականությունը Բելառուսի նկատմամբ»,- հայտարարել է Բուզեկը Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում, գրում է Lenta.ru-ն:
Բելառուսի ընդդիմության ներկայացուցիչներին Բուզեկն անվանել է նախագահական ընտրությունների «իրական հաղթողներ»: Նա կոչ է արել ազատ արձակել բոլոր ձերբակալված ընդդիմադիրներին եւ հանել նրանց վրայից մեղադրանքները:
Հիշեցնենք, որ ընդդիմության հանրահավաքը Մինսկում կայացել է 2010-ի դեկտեմբերի 19-ին: Քաղաքի փողոցներ էին դուրս եկել մի քանի հազար մարդ, որոնք բողոքում էին նախագահական ընտրությունների արդյունքներից, ըստ որոնց Լուկաշենկոն հավաքել էր շուրջ 80 տոկոս:





























