Տնտեսության բնագավառում 2010-ին գրանցված բացասական ցուցանիշներից պետք է առանձնացնել հատկապես աննախադեպ՝ 9,4 տոկոսի գնաճը, ինչպես նաեւ գյուղատնտեսական արտադրանքի չափազանց մեծ անկումը։ Հունվարի 13-ին լրագրողներ հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը, նկատելով, որ դրանք պայմանավորված են մեկը մյուսով։
«Անցած տարվա ընթացքում գրանցված գնաճը բավականին ուժեղ հարված էր, եւ սկսված տարում պետք է արվի ամեն ինչ, որպեսզի այդ ցուցանիշը վերադառնա բնականոն հուն։ Իսկ հաջորդ տարվա համար նախատեսված է 4 +/-1,5 տոկոս գնաճ»,- նշեց Մինասյանը։ Հիշեցնենք, որ 2010-ի համար եւս գնաճի նման ցուցանիշ էր կանխատեսված, սակայն այն գերազանցվեց ավելի քան 2 անգամ:
2010-ին գրանցված բացասական մեկ այլ միտում պատգամավորը համարեց պետբյուջեի դեֆիցիտի բարձր մակարդակը։ «Ճգնաժամային տարվա ընթացքում մենք տնտեսության մեջ կատարեցինք բավականին լուրջ ներդրումային քայլեր, որոնց արդյունքում ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի դեֆիցիտը բավականին բարձր ցուցանիշ կազմեց՝ 7,55 տոկոս։ Ակնհայտ էր, որ այս ցուցանիշը երկար ժամանակ պահպանել հնարավոր չէր լինելու եւ այդ պատճառով անցած տարվա համար սահմանվեց 6 տոկոս ցուցանիշ։ Սակայն տարվա տնտեսական արդյունքները նախատեսվածից ավելի գոհացուցիչ էին, եւ մենք տարին կամփոփենք ՀՆԱ-ի հանդեպ 5 տոկոս դեֆիցիտով։ Եկող տարվա պետբյուջեում ՀՆԱ-ի նկատմամբ դեֆիցիտը սահմանված է շուրջ 4 տոկոս։ Սակայն պետք է արվի առավելագույնը, որպեսզի ցուցանիշը հասնի 3 տոկոսի»,- ամփոփեց պատգամավորը։




























