Հայաստանում ընթանում է քաղաքական ուժերի վերջնական ճշգրտման գործընթաց, որը տեսանելի է ինչպես կադրային վերջին փոփոխությունների, այնպես էլ ներկուսակցական զարգացումների առումով։ Այս մասին հունվարի 13-ին հրավիրված ասուլիսում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Վարդան Խաչատրյանը։ Նա նշեց, որ առաջիկայում սպասվում է մի գործընթաց, երբ քաղաքական ուժերը պետք է վերջանականապես ճշգրտեն իրենց դիրքորոշումը եւ հայտարարեն, թե ում հետ են գնալու հաջորդ ընտրություններին։
Խաչատրյանն այս համատեքստում անդրադարձավ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը, որն առաջիկայում պատրաստվում է համագումար անցկացնել, եւ նշեց, թե դժվար է ասել՝ ինչպիսի՞ն կլինի այդ կուսակցության դիրքորոշումը ընթացող վերադասավորումների համատեքստում։
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԲՀԿ-ն իր դիրքորոշման հստակեցման արդյունքում դուրս գա կոալիցիայից, պատգամավորն արձագանքեց. «ԲՀԿ-ի դուրս գալը կոալիցիայից դա այդ կուսակցության եւ նրա ղեկավարի խնդիրն է։ Եթե դուրս գա՝ ապա դա շատ մեծ տատանում կարող է առաջացնել ներկայիս իշխանական համակարգում։ Իսկ եթե դուրս չեկավ, դա նշանակում է, որ համեմատաբար տանելի իրավիճակում գործընթացն ընթանալու է դեպի ընտրություններ»։ Խաչատրյանը նշեց, որ ԲՀԿ-ի՝ կոալիցիայից դուրս գալու շարժառիթները բազմաթիվ են, որոնց թվում են ինչպես այդ կուսակցության անդամների ներանձնային խնդիրները, այնպես էլ միջանձնային հարաբերությունները։ «Ընթանում են պրոցեսներ, որոնց մի մասն են միայն տեսանելի»,-նշեց պատգամավորը։
Ինչ վերաբերում է արտահերթ ընտրությունների հավանականությանը, ապա, Վարդան Խաչատրյանի կարծիքով, դրանք կարող են տեղի ունենալ միայն շատ ավելի խորը ճգնաժամում, քան այժմ տիրող իրավիճակն է։





























