Հայրենական պատերազմի վետերանները երիտասարդներին կոչ են անում պայքարել պատմության խեղաթյուրման փորձերի դեմ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է կոմիտեի նախագահ, «չորս մայրցամաքների հետախույզ», ճակատային մարտիկ եւ հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը:
«Քանի դեռ վետերանները ողջ են, մենք երիտասարդ սերնդին պատմում ենք Հաղթանակի մասին: Երիտասարդներին կոչ ենք անում պայքարել պատմության խեղաթյուրման փորձերի դեմ: Ինչպե՞ս կարելի է հասկանալ այն հայտարարությունները, որ պատերազմը ԽՍՀՄ-ն է սկսել: Հասել են նրան, որ փորձում են նսեմացնել մեր սխրանքը: Ուզում եմ հիշեցնել, որ Չերչիլը խորհրդարանի նիստում ասել էր, որ եթե Կարմիր բանակը չլիներ, հնարավոր չէր լինի հաղթել ֆաշիզմին», - ասել է Պետրոս Պետրոսյանը:
Պետրոսյանի խոսքով՝ վերջին տարիներին Արեւմտյան երկրները եւ ԽՍՀՄ որոշ նախկին հանրապետությունները, վերափոխում են պատմությունը եւ խեղաթյուրում են մեր հաղթանակը: «Մենք շատ լավ երիտասարդներ ունենք: Վետերանների խնդիրն է ազդել երիտասարդության վրա, ցույց տալ, թե ինչպես է դա իրականում եղել: Չեմ ուզում ասել, որ պետությունը ընդհանրապես այս հարցով չի զբաղվում, բայց դա բավարար չէ: Դասագրքերում քիչ ուշադրություն է դարձվում ֆաշիզմը հաղթած ժողովրդին: Երիտասարդները պետք է իմանան, որ հաղթանակը նշանակում էր ոչ միայն Խորհրդային Միության, այլեւ ամբողջ աշխարհի ազատումը», - ընդգծել է գնդապետ Պետրոսյանը:
Հարցին, թե կարծիք կա, որ իրենք մարտնչել են ուրիշ պետության համար, Պետրոս Պետրոսյանը հիշեցրել է, որ «այն ժամանակ այդպես չէր»: Դա ընդհանուր պետություն էր: Եվ ես ուզում եմ հիշեցնել, որ Կարմիր բանակը կանգ չառավ, ազատագրելով Խորհրդային Միությունը, այլ թշնամուն հետապնդեց մինչեւ Բեռլին: Եվ մենք եղբայրներ էինք, ոչ ոք իրար ազգերի չէր բաժանում»:
«Եթե ինչ-որ մեկը տարբերութուն դներ, հաղթանակն անհնարին կլիներ: Հաղթանակն ընդհանուր էր: Հայերը մարտնչեցին եւ մեկընդմիշտ պատմության մեջ թողեցին իրենց անունները», - ասել է Պետրոսյանը:
Միեւնույն ժամանակ, նա հիշեցրել է, որ սահմանին կանգնած սպասում էին 26 թուրքական դիվիզիաները՝ Ստալինգրադի անկման դեպքում հարձակվելու համար. «Եվ մենք մտածում էինք ոչ միայն Հայաստանի, այլեւ բոլոր ազգերի մասին:
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի\NEWS.am




























