2011թ. հունվարի 13-ին Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում կայացել է Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (World Intellectual Property Organization - WIPO) կողմից կազմակերպված «Մտավոր սեփականության տնտեսություն» (The economics of Intellectual Property) թեմայով գիտաժողովների շարքի հերթական հանդիպումը: Հրավիրվեն եղել շուրջ 40 երկրների, այդ թվում` Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, ինչպես նաեւ մի շարք աֆրիկյան եւ արաբական երկրների կառավարական եւ ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանն այդ հանդիպմանը ներկայացրել է Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնի (ՔԶՀԿ) Ֆրանսիայի մասնաճյուղի տնօրեն, քաղաքագետ Սասուն Հովհաննիսյանը:
WIPO կազմակերպության գլխավոր տնտեսագետ Կարստեն Ֆինկի բացման խոսքից հետո զեկույցով հանդես է եկել Օքսֆորդի համալսարանի դասախոս, պրոֆեսոր Քրիստին Գրինհալխը:
Սասուն Հովհաննիսյանն իր ելույթում անդրադարձել է Հայաստանում մտավոր սեփականության ոլորտում իրականացված բարեփոխումներին` ընդգծելով միջազգային փորձի ներդրման զարգացման անհրաժեշտությունը: Նրա ելույթի մեծ մասը վերաբերել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման` որպես հայ մտավոր սեփականության ոչնչացման փաստին:
«2005թ. դեկտեմբերին ադրբեջանցիների կողմից պետական մակարդակով կազմակերպված հանցագործության հետեւանքով վերջնականապես ոչնչացվեցին Նախիջեւանի Հին Ջուղայի գերեզմանոցի ավելի քան 5000 խաչքարեր` հայ բարձրարվեստ մշակույթի ինքնատիպ կոթողները, հայ ազգի մտավոր սեփականությունը», նշեց Սասուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ փաստին քաղաքակիրթ մարդկությունը դեռ իր գնահատականը չի տվել. «Ցավալի է, որ նավթադոլարների շահերն են փոշիացնում մշակութային հարստությունը»:
Հովհաննիսյանը կոչ է արել «Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպությանը» եւ ներկա պատվիարկներին` իրավական գնահատական տալ Ադրբեջանից կողմից իրականացված մշակութային տեռորիզմին:
Սասուն Հովհաննիսյանը նաեւ այցելել է Ժնեւում տեղակայված ՄԱԿ-ի գրասենյակ եւ ծանոթացել կազմակերպության շտաբ-բնակարան տարբեր վարչությունների աշխատանքին:





























