Միացյալ Նահանգները չի ցանկանում Չինաստանի հետ առեւտրային պատերազմի մեջ մտնել, Վաշինգթոնը մտադիր է հասնել ազնիվ եւ ազատ առեւտրի: Այս մասին լրագրողների հետ պարբերական ճեպազրույցում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մենք չենք ցանկանում դրան հասցնել: Նախագահը ցանկանում է, որ մենք գնանք ազնիվ, արդար եւ թափանցիկ առեւտրի»,- ասել է նա՝ մեկնաբանելով չինական ապրանքների համար մաքսատուրք սահմանելու ԱՄՆ մտադրությունը:

«Սա այն է, ինչն արել է ինքը Չինաստանը, իսկ նախագահ Թրամփը փորձում է ուղղել,- շեշտել է նա: - Մենք շարունակում ենք Չինաստանի վրա ճնշում գործադրել, որ դադարեցնենք նրա կողմից ապօրինի եւ անազնիվ առեւտրային մեթոդների օգտագործումը, որը նա տասնամյակներ շարունակ կիրառել է»: Ըստ որում՝ Սպիտակ տանը վստահ են Պեկինի հետ բանակցություններ վարելու ԱՄՆ առաջնորդի ունակությանը:

Վաշինգթոնի եւ Պեկինի առեւտրային հարաբերություններում նոր սրացումը սկսվել էր ապրիլի 3-ին, երբ Թրամփի վարչակազմը հրապարակել էր  Չինաստանից ներմուծվող արտադրանքի ցանկը, որոնց վրա նախատեսվում է լրացուցիչ 25 տոկոսի մաքսատուրք սահմանել: Պատասխան միջոցառումների ուժի մեջ մտնելն ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ԱՄՆ-ն կմտցնի՞ ծրագրած մաքսատուրքերը չինական ապրանքների համար: