Եթե իշխանությունը չգնա արտահերթ ընտրությունների, ապա կլինի պատերազմ։ Նման կանխատեսում արեց Լիբերալ կուսակցության նախագահ, Հայ ազգային կոնգրեսի անդամ Հովհաննես Հովհաննիսյանը՝ հունվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Խնդիրն այն է, որ պատերազմ սկսելուց առաջ ճիշտ կլինի, որ այս իշխանությունները գնան արտահերթ ընտրությունների։ Քաղաքական էլիտայի փոփոխություն է պետք։ Նոր քաղաքական էլիտան պետք է նոր էջից սկսի ԼՂ խնդրի բանակցությունները»,-հայտարարեց Հովհաննիսյանը։ Նա նաեւ նշեց, որ ԼՂ բանակցային գործընթացում ՀՀ իշխանությունների կողմից կատարելիք քայլերն արդեն սպառվել են։
«Էլ թուղթ չկա, որի վրա գրեն, պրծել է ամեն ինչը։ Նրանք բանակցությունների արդյունքում հասել են պատերազմի շեմին»,-հայտարարեց Հովհաննիսյանն ու հստակեցրեց, որ նկատի ունի պատերազմ՝ դասական իմաստով։ «Կայծակնային պատերազմներ կարող են անել հզոր երկրները, ինչպես դա արեց Ռուսաստանը Վրաստանում։ Մեր տիպի երկրներում կայծակնային պատերազմ չի լինում»,-հայտարարեց ՀԱԿ ներկայացուցիչը՝ հավելելով, որ պատերազմի սկսման դեպքում այն կարող է շատ բորբոքվել։





























