Հունվարի 10-ին, ժամը 22.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժնում ահազանգ էր ստացվել, որ էլեկտրահարվելու հետեւանքով մահացած վիճակում իրենց մոտ է տեղափոխվել Ոսկեվազ գյուղի բնակչուհի, 30-ամյա Լիլիթ Սարդարյանը:
Նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ դիակի վրա առկա են բռնության հետքեր:
Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունվարի 12-ին ոստիկանության Արագածոտնի մարզի քննչական բաժնում Հայաստանի քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր, Արագածոտնի մարզային վարչությունների եւ մարզի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հունվարի 10-ին, ժամը 20.00-ի սահմաններում, բութ գործիքով հարվածելով՝ Լիլիթ Սարդարյանին սպանել է նույն գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Հովհաննես Սահակյանը: Հ. Սահակյանը ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է:





























