Sunday Times-ի տվյալներով, Մեծ Բրիտանիայի բյուջեն տասնյակ միլիոնավոր ֆունտ ստերլինգ չի ստանում ֆուտբոլիստների եկամուտների հարկերից: Որոշ ֆինանսական մուտքերից հարկային վճարումներն անցած երկու տարիներին կազմել են ընդամենը երկու տոկոս: Պարբերականի տվյալներով, Ուեյն Ռունին նախորդ երկու տարիներին չի վճարել 600 հազար ֆունտ ստերլինգ, Գարեթ Բերրին` 135 հազար: Ֆուտբոլիստները հարկերից խուսափում են օրինական ճանապարհով:
Այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի ֆինանսների նախարար Ալիսթեր Դարլինգը հայտարարեց, որ գերհարուստ բրիտանացիների հարկային բեռը հասցվելու է 50 տոկոսի, անգլիական ֆուտբոլային ակումբների բազմաթիվ խաղացողներ իրենց իրավաբանների խորհրդով նետվեցին տարբեր ընկերություններ ստեղծելու: Այդ ընկերությունների օգնությամբ նրանք օրենքի շրջանակում կարողացան նվազագույնի հասցնել հարկային վճարումները:
Օրինական ճանապարհներից մեկը ակումբի հետ երկու պայմանագրի կնքումն է: Մի պայմանագրով ֆուտբոլիստն աշխատավարձ է ստանում ակումբից, իսկ մյուսով` գումար է ստանում տարբեր առեւտրային նախագծերում իր «իմիջային իրավունքների» վաճառքի համար: Այդ նախագծերի շրջանակում իրականացվում է ֆուտբոլիստի նկարով կամ անունով տարատեսակ պարագաների վաճառք: Այդպիսի առեւտրային ձեռնարկումներից ստացված եկամուտը փոխանցվում է ոչ թե ֆուտբոլիստին, այլ նրա ստեղծած ընկերությանը, որը վճարում է 28 տոկոս կորպորատիվ հարկ: Եթե ֆուտբոլիստը գումարը ստանար անմիջականորեն ակումբից, ապա ստիպված կլիներ վճարել 50 տոկոս հարկ:




























