Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող զանգվածային գործողությունների ընթացքում առանձնանում են ավտոմեքենաներով ակցիաներին մասնակցողները, որոնք խախտում են երթեւեկության կանոնները, վտանգում երթեւեկության մասնակիցների կյանքն ու առողջությունը, անհարկի ազդանշաններով խախտում համաքաղաքացիների անդորրը: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«Ավտոակցիայի մասնակիցներին հիշեցնում ենք, որ շրջակայքում կան ծերեր, հիվանդներ, խախտվում է դպրոցների բնականոն աշխատանքը, մանկապարտեզներում երեխաները հայտնվում են անհանգստության մթնոլորտում:

Կոչ ենք անում հիշել ու հարգել մեր բոլոր համաքաղաքացիների իրավունքները:

Կոչ ենք անում պահպանել նաեւ սեփական անվտանգությունը:

Ավտոմեքենաներով ակցիաներ անողները հաճախ բարձրանում են մեքենաների թափքերը, նստում տանիքին կամ բեռնախցերում:

Այդպես վարվողների մեջ շատ են անչափահասները, ինչը հղի է նրանց կյանքին եւ առողջությանը սպառնացող իրական վտանգներով:

Մեծահասակներին կոչ ենք անում նրանց զերծ պահել այդպիսի գործողություններից:

Ավտոակցիաների մասնակիցներին կրկին կոչ ենք անում հարգել համաքաղաքացիների իրավունքները, գործողությունները պահել օրենքի եւ խելամտության շրջանակներում, պատասխանատվություն դրսեւորել բոլորի ու յուրաքանչյուրի համար եւ ձեռնպահ մնալ անդառնալի հետեւանքներով հղի քայլերից: