2010-ի ընթացքում բնակարանային պայմանների բարելավման նպատակով բռնադատվածի կամ վերջինիս առաջին հերթի ժառանգի կարգավիճակ ունեցող 35 քաղաքացիների տրամադրվել են արտոնյալ պայմաններով վարկեր 168 մլն 241 360 դրամ ընդհանուր գումարի չափով:
Ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարկերը տրամադրվում են 25 տարի մարման ժամկետով եւ տարեկան 1 տոկոս դրույքաչափով, վարկը տրամադրման օրվանից սկսած 3 տարի հետո, իսկ տոկոսները` 2 տարի հետո մարելու պայմանով:
2010 թվականի դեկտեմբերի 30-ի դրությամբ նշված վարկային ծրագրի շրջանակում 273 քաղաքացու տրամադրվել է ընդհանուր առմամբ 1 մլրդ 63 մլն 890 հազար 90 դրամ գումարով վարկ: Բռնադատված քաղաքացիներին արտոնյալ պայմաններով բյուջետային վարկերի տրամադրման գործընթացն իրականացվում է 2001 թվականից: Վարկերը տրամադրվում են բնակարանի գնման, բնակարանային շինարարություն իրականացնելու կամ անավարտ բնակելի տան շինարարությունն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ վերանորոգելու նպատակով:





























