Ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը: Այս մասին իր ուղերձում նշել է ՀՀ ոստիկանապետը Վլադիմիր Գասպարյանը:

Նա իր ուղերձում նշել է.

«Հարգելի համաքաղաքացինե´ր:

Ձեզ եմ դիմում եւ´ որպես ոստիկանության պետ, եւ´ որպես քաղաքացի:

Չեմ ուզում անդրադառնալ վերջին իրադարձությունների իրավական կողմին. ոստիկանությունը բազմիցս խոսել է այդ մասին` վստահ լինելով նաեւ հասարակության բարձր իրավագիտակցությանն ու քաղաքացիական ընկալունակությանը:

Չեմ ցանկանում նաեւ գնահատական տալ կողմերին ու նրանց գործողություններին. ոստիկանությունը վերքաղաքական կառույց է եւ դուրս է քաղաքական զարգացումներից:

Առավել եւս` հստակ գիտակցում ենք, որ խոսքը ոչ թե այս կամ այն կողմի «ճշտի», այլ Ճշմարտության մասին է, որը բացարձակ արժեք է եւ անքննելի, ինչպես որ անքննելի է ոստիկանության դերը մեր հասարակության կյանքում:

Հիշե´ք. ցանկացած հեղափոխություն դառնում է անիմաստ, երբ փորձ է արվում քանդել կառուցածը, իսկ Բանակ ու Ոստիկանություն կառուցելու համար մենք ամեն ինչ ենք տվել:

Մեր համատեղ կառուցածը Պետությունն է: Ոստիկանությունը այդ պետության կայունության, անդորրի, խաղաղության երաշխավորն է: Ոստիկանը այդ պետության մարդն է, ոչ թե իշխանության կամ ընդդիմության: Եվ ոստիկանությանն այս կամ այն կողմը քաշելու փորձը մեծացնում է այն ճեղքվածքը, որի մեջ կարող ենք հայտնվել բոլորս:

Հիշե´ք. պետությունը կառուցվում է տասնամյակներով ու հազարավոր կյանքերի գնով եւ կարող է փլուզվել հաշված ժամերի ընթացքում:

Դա անթույլատրելի է:

Այսպահային ինչ-ինչ խնդիրներ լուծելու համար մի´ փորձեք տրոհել ոստիկանի մեջ երկխոսող իրավապահին ու քաղաքացուն: Այդ տրոհումը մահացու վտանգավոր է պետության համար, որի պաշտպանությանն է կոչված ոստիկանությունը:

Որպես զինվորական կոչ եմ անում` զե´րծ մնացեք նաեւ բանակը տրոհելու փորձերից: Երկատված բանակը միասնական պետության պահապան լինել չի կարող:

Սուտ է, թե նպատակը արդարացնում է միջոցները. պետության պահապանին իր երդմանը, կոչմանը, գործընկերներին դավաճանելու մղելը չի կարող արդարացվել ոչ մի նպատակով: Ինչպես որ ինչ-ինչ գաղափարներին ծառայելը չի կարող փոխարինել ժողովրդին ծառայելու սրբազան գործին: Մենք օրենքին ծառայելով ենք ծառայում ժողովրդին: Կոչում եմ բոլորիդ նույնպիսի ծառայության, որպեսզի օրենքն էլ ձեզ ծառայի:

Սա´ է ճշմարտությունը:

Ինչպես ճշմարտություն է այն, որ բոլորիս սխալների պատճառով հասել ենք այն աստիճանին, որ կարող ենք բացարձակ կորցնել իրավիճակի կառավարումը:

Նման բան թույլ տալ չի կարելի:

Ուստի դիմում եմ բոլորին:

Սթափվեք, տղե´րք:

Ինքնակազմակերպվե´ք, կողմնորոշվե´ք, հստակվե´ք: Հիշեք մեկընդմիշտ, որ ոչինչ չարժե մեր պետականության կորստին:

Հիշեք նաեւ, որ առանց ոստիկանության չկա´ պետություն, որ ոստիկանը պետության ամրության զինվորն է, խաղաղության զինվորը, բարության զինվորը, ոչ թե ռետինե մահակի ու բռնության: Բայց եւ համոզված եղեք, որ խաղաղությունն ու բարությունը ոչ թե թուլության, այլ իրական ուժի նշան են:

Դիմում եմ իմ զինակից ոստիկաններին:

Տղե´րք, ես ասել եմ, որ սիրում ու հարգում եմ ձեզ, որ ձեզ հետ կռվելու եւ ապրելու կգնամ: Ինչպես միշտ վստահ եմ, որ ծառայելով օրենքին` այսուհետ էլ ծառայելու ենք ժողովրդին:

Կրկին դիմում եմ բոլոր համաքաղաքացիներիս:

Ժողովո´ւրդ, համոզված եմ, որ բոլորիս հաղթանակը կլինի այս ամենի ավարտումը խաղաղությամբ ու բարությամբ, հակառակ դեպքում կպարտվենք բոլորս:

Հավատում եմ մեր մեծ սիրուն եւ անքննելի իմաստնությանը:

Աստված մեզ պահապան: