Վաղը՝ հունվարի 18-ին՝ ժամը 10:00-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կշարունակվի մի շարք հասարակական կազմակերպությունների նախագահների հայցն ընդդեմ ՀՀ գլխավոր դատախազության գործով դատաքննությունը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազությանը դատի տվողների շարքում են «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ նախագահ Արման Դանիելյանը, «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը, «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» ՀԿ նախագահ Արթուր Սաքունցը: Նրանք պահանջում են գործ հարուցել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի եւ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետի նկատմամբ՝ դիմողների կողմից ներկայացված հաղորդման հիման վրա քրեական հետապնդում չիրականացնելու համար:
Բանն այն է, որ 2010 թվականի սեպտեմբերի 2-ին «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության արդյունքում վերոնշյալ ՀԿ-ների նախագահները պարզել էին, որ ՔԿՀ-ում 2010 թվականի օգոստոսի 5-ից մինչեւ սեպտեմբերի 1-ը, առանց օրենքով նախատեսված հիմքերի, պահվել է ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը։





























