Նորվեգիայի Սուվերեն Ֆոնդի ակտիվները 2 տարում առաջին անգամ կրճատվել են, հայտնում է Bloomberg-ը:

Գործակալության տեղեկություններով՝ ֆոնդը, որի ակտիվները գնահատվում են 1 տրլն դոլար, ինչով աշխարհում խոշորագույն սուվերեն ֆոնդն է, 2018 թվականի 1-ին եռամսյակում կորցրել է մոտ 171 մլրդ նորվեգական կրոն, այսինքն՝ գրեթե 21 մլրդ դոլար: Ֆոնդը 2,2 տոկոս կորցրել է արժեթղթերով, 0,4 տոկոս՝ բոնդերով, մինչդեռ անշարժ գույքը 2,5 տոկոսի աճ է ապահովել:

«Ֆոնդի հիմնական ռիսկերը կապված այն հանգամանքի հետ, որ ռազմավարական կապիտալը կազմում է 70 տոկոս: Սա նշանակում է, որ ֆոնդի արժեքի հանրագումարում տատանումները հիմնականում որոշվում են համաշխարհային շուկաների զարգացմամբ»,- ասել է ֆոնդը կառավարող Norges Bank Investment Management-ի գլխավոր տնօրեն Ինգվե Սլինգստադը:

Եռամսյակի վերջի տվյալներով՝ արժեթղթերին բաժին է ընկել ֆոնդի ներդրումների 66,2 տոկոսը, բոնդերին՝ 31,2 տոկոսը, անշարժ գույքին՝ 2,7 տոկոսը: