«Պատվի գործ» հայ ռուսական հասարակական-բարեգործական կազմակերպությունը մարել է Գյումրիում «Պատվո բլուր» հուշահամալիրը վերանորոգած բանվորներին ունեցած պարտքը: Հուշահամալիրը պատրաստ էր արդեն օգոստոս ամսին, եւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Երեւան այցի ժամանակ նա Սերժ Սարգսյանի հետ այցելել էր այդ հուշահամալիր:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց կազմակերպության ֆինանսական տնօրեն  Նվեր Հովակիմյանը։

«Աշխատավարձերի 95 տոկոսը վճարված է։ Բանվորների գումարները տրվել են դեռ 2010-ի դեկտեմբերի 20-ին։ Մնացած 5 տոկոսը՝ շուրջ 2,5-3 մլ դրամ, կվճարենք ամենաուշը փետրվարի 5-ին, քանի որ մնացած հաշվարկների մեջ  պարզաբանման կարիք ունեցող մանր անճշտություններ կան»,- նշեց Հովակիմյանը։

«Գյումրեցիները լավ  մարդիկ են, մենք չենք խաբի նրանց, եւ մինչեւ վերջին կոպեկը կվճարենք նրանց»,- հավաստիացրեց «Պատվի գործ» հայ ռուսական հասարակական-բարեգործական կազմակերպության ֆինանսական տնօրենը։

Նշենք, որ «Պատվո բլուրի» վերանորոգման աշխատանքները կատարած բանվորներից ոմանք ընդհուպ մինչեւ դեկտեմբեր չէին ստացել դեռեւս օգոստոսից իրենց վճարվելիք աշխատավարձերը։ Կազմակերպությունը նրանց պարտք էր ընդհանուր առմամբ 12-13 մլն դրամ։