Ազգային ժողովը մի քանի ժամով հետաձգել է ԱԺ մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի վերջնական զեկույցի քննարկումը: Զեկույցը պիտի քննարկվեր նիստը սկսվելուն պես՝ ժամը 12-ին, բայց «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պահանջել են այն ավելի ուշ քննարկել, քանի որ զեկույցի ծավալի (145 էջ) պատճառով իրենք չեն հասցրել ծանոթանալ դրա բովանդակության հետ:
Ի դեպ, Նիկոյանի զեկույցի «Եզրահանգումներ եւ առաջարկություններ» բաժնում նշված է, որ եթե արտակարգ դրություն հայտարարելու մասին նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը հայտարարվեր ավելի վաղ, երբ տեղի են ունեցել առաջին կրակոցները, միգուցե հնարավոր լիներ խուսափել հետագա ծանր իրադրությունից:
Ըստ շրջանառվող կարծիքների, այսպիսով ստացվում է, որ Նիկոյանը մարտի 1-ի զոհերի մեղքը բարդում է Քոչարյանի ուսերին:
Հիշեցնենք, որ 2008թ. մարտի 1-ին ոստիկանությունը ուժ գործադրեց Ազատության հրապարակում հավաքված խաղաղ ցուցարարների նկատմամբ, իսկ երեկոյան արդեն հրազեն կիրառեց, ինչի արդյունքում զոհվեցին 10, վիրավորվեցին հարյուրավոր անձինք: ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը իր ամիսներ տեւած աշխատանքի արդյունքում չի կարողացել բացահայտել 10 զոհերի մահվան հանգամանքները:




























