Շախմատի Վեյկ Ան Զեեի սուպերմրցաշարի երրորդ տուրում ամերիկացի Հիկարու Նակամուրան մոտ յոթ ժամ տեւած պարտիայում, սպիտակներով 93 քայլում առավելության հասավ Իսպանիան ներկայացնող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ եւ 2,5 միավորով միանձնյա գլխավորեց մրցաշարային աղյուսակը:

Նակամուրայից կեսական միավոր են հետ աշխարհի չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը, ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին եւ հոլանդացի Անիշ Գիրին:

Անանդը սեւերով ոչ ոքի խաղաց հոլանդացի Էրվին Լամիի, Նեպոմնյաշչին` ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի հետ: 16-ամյա Գիրին սեւերով սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին համար, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ:

Երրորդ տուրում երրորդ ոչ ոքին խաղաց Լեւոն Արոնյանը, որի մրցակիցը ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավն էր: Արոնյանը, Վաշյե-Լագրավը, ռուսաստանցի Կրամնիկը, հոլանդացիներ Սմիթսն ու Լամին եւ ուկրաինացի Պոնոմարյովը 1,5-ական միավորով բաժանում են երրորդ տեղը:

Չորրորդ տուրում Արոնյանի մրցակիցը կլինի Նեպոմնյաշչին: