Ճապոնիան ակտիվորեն կնպաստի Մերձավոր Արեւելքում խաղաղ կարգավորմանը եւ կարծում է, որ Երուսաղեմի կարգավիճակը պետք է քննարկել բոլոր կողմերի ներգրավվածությամբ բանակցությունների ճանապարհով: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն Ռամալլահում Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ, հայտնում է NHK-ն:

«Ճապոնիան աջակցում է պաղեստինա-իսրայելական հակամարտության երկպետական կարգավորման սկզբունքին եւ մտադիր է ակտիվ դերակատարում ունենալ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման նպատակով»,- ասել է նա: Աբեն ընդգծել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը պետք է «քննարկվի բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ»: Նա նշել է տարածաշրջանում կայունության հաստատման գործում ԱՄՆ առանցքային դերը եւ հայտարարել, որ բանակցությունների վերաբերյալ Վաշինգթոնի ցանկացած առաջարկ պետք է դրական ընդունվի:

Միաժամանակ, Աբեի խոսքով՝ Ճապոնիան իր դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ծրագրեր չունի: Ճապոնիայի վարչապետը խոստացել է Պաղեստինին 10 մլն դոլարի պարենային օգնություն ցուցաբերել: