Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) մտադիր է Եվրամիության բյուջեից միջոցների տրամադրումը կապել իրավական պետության սկզբունքներին հետեւելու հետ, հաղորդում է DW-ն:

Կախված խախտումների ծանրությունից՝ եվրոպական բյուջեից միջոցների ստացումը կարող է «որոշակի պայմաններով սահմանափակվել, ժամանակավորապես դադարեցվել, կրճատվել»: Այս մասին ասված է  2021-2027թվականների համար Եվրոպական հանձնաժողովի կողմից պատրաստված բյուջեի նախագծում: Ավելի վաղ նման առաջարկով հանդես էր եկել գերմանական կառավարությունը:

Եվրամիության բոլոր երկրներում իրավական պետության  սկզբունքները հարգելը «անհրաժեշտ նախադրյալ» է ֆինանսական միջոցների պատշաճ օգտագործման համար: Այս մասին մայիսի 2-ին Եվրախորհրդարանում հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը: Նրա խոսքով, դրա համար Եվրահանձնաժողովը առաջարկում է «նոր մեխանիզմ», որը ուղղված չէ առանձին երկրների դեմ, այլ «ԵՄ նոր ֆինանսական ճարտարապետության կարեւոր մասն է»: